Աշխատանքային ռեզերվներ մարզական հասարակական կազմակերպություն

Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1943 թվականին: Այն ԽՍՀՄ տարածքում գործող համամիութենական կազմակերպություն էր, որը զբաղվում էր պրոֆտեխուսումնական հաստատություններում սովորողների ֆիզդաստիարակությամբ: ՀՀ անկախությունից հետո կազմակերպությունը շարունակել է իր գործունեությունը` վերածվելով սպորտային լուրջ կենտրոնի: «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության կազմում գործում են Երևանի` Օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի, Օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մարզադպրոցները, Գյումրու մասնաճյուղի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը (բռնցքամարտ և ըմբշամարտ) և Վանաձորի մասնաճյուղի (հանդբոլ, ըմբշամարտ, սեղանի թենիս և ուժ-բազկամարտ) մարզական բաժանմունքները: Խորհրդային տարիներից սկսած կազմակերպության մարզադպրոցները պատրաստել են մեծատաղանդ մարզիկներ, որոնք Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են բազում տիտղոսներ և մեդալներ: 1956թ. Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց Վլադիմիր Ենգիբարյանը: Նա մինչ այսօր օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած միակ հայ բռնցքամարտիկն է: Վլադիմիր Ենգիբարյանը նաև ԽՍՀՄ (1955, 1956, 1958) և Եվրոպայի եռակի չեմպիոն է (1953, 1957, 1959): Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի պատմության էջերում իր ուրույն ձեռագիրն է թողել նաև անվանի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989), աշխարհի չեմպիոն (1989), աշխարհի գավաթակիր (1985), Եվրոպայի եռակի չեմպիոն (1985, 1989, 1991), «Բարի կամք»-ի հաղթող (1986, 1990), ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի չեմպիոն (1979, 1983), 20-րդ դարի ԽՍՀՄ տարածքի լավագույն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: Կազմակերպության սաներից Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ են նաև Դավիթ Թորոսյանը, Մեխակ Ղազարյանը, Արամ Ռամազյանը և ուրիշներ: 2011թ. Հունահռոմեական մարզաձևի երիտասարդների Աշխարհի առաջնությունից ոսկե մեդալով է վերադարձել Ռաֆայել Մանուկյանը, իսկ Եվրոպայի կրտսեր պատանիների առաջնությունից ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտիկ Գառնիկ Պապիկյանը: 2012թ. Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալակիներ են դարձել ազատ ըմբշամարտ մարզաձևում հանդես եկած Դավիթ Սաֆարյանը և Բռնցքամարտի կրտսեր պատանիների առաջնությանը մասնակցած Մնացական Հարությունյանը: 2013թ. Դավիթ Սաֆարյանը նվաճել է Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնի կոչումները և ստացավ Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիկի տիտղոսը: Կազմակերպությունը 2001թ-ից ղեկավարում է ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արա Ռաֆայելի Մեհրաբյանը: